Եվրախորհրդի հայաստանյան պատվիրակությունն արդեն Երևանում է։ Ասել, որ մերոնք լուրջ հաջողության հասան, ցավոք, ճիշտ չի լինի։ Չնայած հայկական կողմի ներկայացրած աղաղակող փաստերին և ֆրանսիական պատվիրակության աջակցությանը, Եվրախորհրդարանի նախագահն անդրդվելի էր։ Ինչո՞վ էր պայմանավորված վերջինիս անտարբերությունը ղարաբաղյան խնդրի առնչությամբ՝ հարցրինք ԿԳ նախարար ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ։
-Կարծում եմ՝ մեր պատվիրակներն արել են առավելագույնը։ Ընդհանրապես, այս խնդիրը քաղաքական առումով շատ բարդ է և նուրբ։ Եթե մենք կարողանանք այդ ուղղությամբ մեր աշխատանքները խորացնել, շատ ճիշտ կլինի։ Եվրախորհրդարանի անդամները, որոնք ազատ են իրենց որոշումների և բանաձևերի ընդունման հարցում, պետք է հասկանան, որ խնդիրը վերաբերում է կոնկրետ մարդկանց ճակատագրերին, և ավելի զգույշ լինեն իրենց արտահայտություններում։ Եթե մենք քարոզչական այս ուղղվածությանը գումարենք լոբբինգը և մեր հնարավորությունների լիարժեք օգտագործումը, ապա ինչ-որ չափով կարող ենք փոխհատուցել այն հսկայական գումարները, որոնք կիրառում են մեր հարևանները՝ կաշառքի տեսքով։
-Պարոն Մկրտչյան, բայց դիրքորոշում պարտադրելու հարցում աշխարհը կաշառքից ավելի լավ գայթակղիչ ձև դեռ չի գտել։
-Բացի կաշառքից, կան նաև այլ ռեսուրսներ։ Ամեն բան չէ, որ գումարով է լուծվում։ Եթե աշխարհում միայն գումարով լուծվեին բոլոր հարցերը, աշխարհում շատ տխուր վիճակ կլիներ։
-Ամեն դեպքում, չե՞ք կարծում, որ, բացի գրավոր և բանավոր խոսքից, մենք պետք է կիրառենք նաև այլ «գործիքներ»՝ միջազգային կառույցներին «մեզնով անելու» համար, ինչպես դա անում է Թուրքիան դարեր շարունակ։
-Մենք պետք է կարողանանք մեր խնդիրը հստակ ներկայացնել։ Քարոզչական շատ լուրջ պատերազմի մեջ ենք մեր երկու հարևանների հետ, և այդ պատերազմը մղվում է բոլոր ուղղություններով։ Կարծում եմ՝ նախահարձակ լինելու և քարոզչական պատերազմին պատասխանելու նպատակով մենք պետք է ասիմետրիկ ուղղությամբ վարենք մեր քարոզչությունը։ Մենք ունենք փաթեթներ, որոնք բավականին խոցելի են մեր հարևանների համար։ Եթե կարողանանք ճիշտ ժամանակին և ճիշտ պահին բոլոր ուղղություններով հավասարակշռել դաշտը, ապա կարող ենք արձանագրել նաև լոբբիստական, քարոզչական հաջողություններ։
Ճեպազրույցը՝ Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ